Quantcast
Channel: Mariam
Viewing all articles
Browse latest Browse all 930

Article 1

$
0
0
Հեռագիրը որ ստացավ, ճղճղաց ու սկսեց ծեծել չոքերը: Հետո վատացավ, դեմքին ջուր շփեցին, քունքերը տրորեցին, աչքերը բացեց, ծղրտաց` «վո՜ւյ ամա՛ն» ու բարձր ձայնով լացեց:
Երեկոյան մտավ բաղնիք, «ձեր խոզ արևը չթաղեմ» քրթմնջալով սրբեց հայելին: Մազերը հետ տարավ, ճպպացրեց` սպիտակ մազերի նոր փունջ էր հայտնվել: Հետո ձգեց վիզը, դժգոհ-դժգոհ կարգի բերեց հոնքերն ու հինա քսեց մազերին: Ուշ գիշերով զգեստապահարանի վրայից մի կերպ իջեցրեց ճամպրուկներից մեկը, փորփրեց ու հաղթական “բա չէ՜, գիտեիք, սաղ ձեզ պես լրբերին պիտի տայի”-ն շշնջալով, հանեց դեդերոն գերմանական զուգագուլպաներն ու երկնագույն հարավսլավական սպիտակեղենը: Խնամքով շարեց աթոռին, պահարանից դուրս բերեց վառ կանաչ ժակետը, տնտղեց, կախեց թիկնակին: Լաքապատ ցածր կրունկով «իմպոռտնի» կոշիկները պսպղացրեց, դասավորեց ճամրուկն ու պայուսակը, թաքստոցից հանեց խնայդրամարկղի գրքույկներից մեկը, անջատեց լույսը:

Մյուս առավոտյան տաքսին դուրս լողաց Թիֆլիսից դեպի Երևան: Տնեցիներին ասեց, որ մինչև քառասունքն է մնալու, բայց դրամապանակի գումարը, գրքույկն ու ճամպրուկի եղած-չեղածը ցույց չտվեց: Թիֆլիսը մնում էր ետևում. չորս տղան, փքված կոմոդներով ու լաքապատ պահարաններով, վարագույրներով ու ժանյակավոր ծածկոցներով լցված տունը, հարսները, թոռները… Այսպիսի մի անձրևոտ օր էր, որ ամուսնու խոցը պայթեց, ու շատ չանցած սավանի մի կեսն էր միայն ճմրթվում, մյուսն հարթ ու ամայի էր: Մի քանի տարի անց տղաները հերթով ամուսնացան, որն առանձնացավ, որը մնաց, որին բաժանեց, որին երկրորդ, երրորդ անգամ պսակեց, որ հարսը ման եկող դուրս եկավ, որը` գող: Տան տեր ու տիրականն ինքն էր` կգոռար, կճղճար, դուրս կաներ, ներս կթողներ, կամ «ա՜խ» կաներ ու կուշաթափվեր, բայց մեկ է` մենակ էր ու այդ մենակությունն իրեն խեղդում էր:

Հորեղբոր աղջկան անցած տարի էր տեսել: Եկել էր Հայաստան լրիվ ուրիշ նպատակներով, բայց բարեկամներին ու հարևանուհուն ասել էր պաշտոնական տարբերակը` առողջարանային բուժում էր հարկավոր: Ոչ պաշտոնականով հարևանուհու խոպան ուղևորված ամուսինն հետաձգել էր սիբիրի հետ իր հանդիպումը երկու շաբաթով և հաջորդ օրն իջել Թիֆլիս-Երևան գնացքից: Սիրեկանին խոպան ուղարկելուց հետո մի երկու օրով գնաց հորեղբոր աղջկան այցելության: Սուս-փուս համեստ կին էր, մազերը «կոս» արած, մշտապես գոգնոց կապած, խոհանոցի ու հյուրերի անդադրում հոսքի գերի: Ո՛չ սիրուն շոր կհագներ, ո՛չ կսեթևեթեր, ո՛չ կշպարվեր: «Ախչի, մարդդ բոյով-սիրուն, մի քիչ քեզ կարգի բե՛ր, տո՜», - վրա էր տալիս ամեն տեսնելիս: Բայց հորեղբոր աղջիկը ձեռքը թափ կտար ու կմտներ խոհանոց: Բոյով-սիրուն մարդն էլ որ տուն էր գալիս ու հրամայում, որ սեղան գցեն, էս կորած թիֆլիսեցուն ցույց տան, թե ինչն ինչոց է, ժպտում էր օձի բարակ շրթունքներով, իսկ մտքում բաբա չափում` բախտատերը թաղե՜մ:

Սգատերերը լուռ էին: Ամուսինն ու որդիները դրսում սևացած դեմքերով, աղջիկներն ու հարսները տանը: Շքամուտքի մոտ իբր ոտքերը ծալվեցին` երկու հաղթանդամ տղամարդու բազուկներից կախված ու բարձր տքալով բարձրացավ երկրորդ հարկ: «Վո՜ւյ ամա՜ն», - ճղճղաց դռան մոտ, - «վու՜յ ամա՜ն»: Հարևանուհին տմբտմբացրեց գլուխն ու իր տուն հրեց մահացածի թոռներին: «Էդ ծյոծան ինչի՞ ա ճչում», - աչքերը լայնացրեց թոռներից մեկը: «Գնա՛, բալա ջան, գնա՛, - զայրույթն հազիվ զսպելով` սենյակի դուռը բացեց հարևանուհին, - դուռն էլ փակի՛ր»:

Մի ամիսը դարձավ երկու, երկուսը` երեք: Ընտանիքը մեծ էր, գնացող-եկողը` շատ, իր լինել-չլինելը մեծ դեր չէր խաղում: Պահը բռնացնում էր, նստում էր այրիացած տղամարդու կողքին, հոգոց հանում, ձեռքը մեկ-մեկ դնում ձեռքին կամ ծնկին` բազմանշանակ «օ՜ֆ» ձգելով ու հայացքը փախցնելով: Մի քանի ամիս անց, երբ տղամարդն ուշ գիշերով հարբած տուն եկավ ու իրեն համարյա հրեց իր սենյակ, իր մշտական «վու՜յ ամա՜ն»-ը ձգեց, բայց հոգու խորքում արդեն պլանները կազմ պատրաստ տեսակավորված էին. իրեն էս հսկայական բնակարանը, բարեկամները, ծույլ անբան տղան ու Մարտունու եսիմ որ գյուղից բերած բերանփակ ծանր հայացքով հարսը պետք չէին: Կհամոզի, սա կփոխանակեն, մի քիփլիկ սիրուն բնակարան` իրենց, մյուսը` մնացածին: Իսկ հետո… Կարևորը` Երևանում տուն կունենա:

Գրոհեց ու նահանջեց, կալմեջ արեց ու օձի պես գալարվեց: Դիմացն ապառաժ էր, իր զենքն ու զրահը` զրո: Զրույցը որ սկսում էր, տղամարդը միայն ուսերն էր թոթվում` տուն է, ապրի՛, թոշակդ էլ փալաս-փուլուսիդ պիտի որ հերիքի` գնա ա՛ռ, ուզածդ ի՞նչ է: «Ես քո կոսով ու գոգնոցով կնիկը չե՜մ», ուզում էր շփփացնել երեսին, բայց կուլ էր տալիս, ոտքը կախ գցում ու սկսում նորից: Ապարդյուն: Օրերն անցնում էին, ինքը` թառամում, անբան-անտաշ տան տղան օր ու գիշեր ամեն օր գլխին օյիններ սարքում, հարևանուհիները քմծիծաղում… Մի օր էլ շտապ օգնությունը տղամարդուն տարավ հիվանդանոց, բժիշկն էլ, թե` վիրահատություն ու երկարատև խնամք է հարկավոր: Հիվանդասենյակում եկան խմբվեցին տղաներն ու աղջիկներն` իրենց ընտանիքներով ու երեխեքով, ինքն էլ սուս-փուս դուրս եկավ միջանցք` լեզուն պինդ կծած, որ հիվանդանոցում ոռնոցը չկապի:

Տաքսի վերցրեց, եկավ տուն: Զգեստապահարանից իջեցրեց ճամպրուկը, մատերը սահեցրեց մաշված կողերով, բացեց: Դափ դատարկ էր: Տակի հատվածում գաղտնի գրպան ուներ` խնայդրամարկղի գրքույկն այնտեղ էր պահում: Էս մի քանի տարվա մեջ այս մեկի մեջ կլորիկ գումար էր հավաքվել` Թիֆլիսում առաջին մի քանի ամսվա ծախսերը` թոռներին ու հարսներին նվեր-բան, տղաներին`… մի բան կմտածեր, պիտի որ հերիքեր:


Viewing all articles
Browse latest Browse all 930

Trending Articles