Quantcast
Channel: Mariam
Viewing all articles
Browse latest Browse all 930

3.Պատմություն մանկությունից

$
0
0
Այդ տարվա ամռանը ամեն առավոտ գնում էի կաթ բերելու փոքր քույրիկիս համար: Մեր բակից մի քիչ հեռու գտնվող սեփական տներն էի հասնում, ցածրահասակ կորացած տատիկի կնճռոտ ձեռքերից վերցնում էի 1 լիտրանոց բանկայով կաթը, տալիս մաքուր բանկան ու վերադառնում: Օգոստոսն էր, երբ նույնիսկ առավոտները զով չեն. թեթև հեղձուկ կա օդի մեջ և ծուլություն` ներծծված շենքերի, ծառերի, անշարժ ամպերի և նույնիսկ ճայերի կիսաքուն ճիչերի մեջ:

Այդ փողոցն իմ ամենասիրելի փողոցն էր Սայաթ-Նովայի փողոցից հետո: Այն ժամանակ նոր էին գցել. կոկիկ էր ու լայն, ու հորիզոնը եռագույն էր` ծառերի կանաչը, սարերի դարչնագույնն ու երկնքի կապույտը շերտ առ շերտ դասավորվել էին ու օրվա ընթացքում մի քանի անգամ երանգափոխվում էին: Նոր մանկապարտեզի գունավոր ճոճանակներն ու փայտե տունիկներն էլ մայթին կպած էին: Ես էլ տաս տարեկան,  խուճուճ կիսաերկար մազերով (ատելով ատում էի բոլոր տեսակի ժապավեններն ու վարսակալները), միշտ բացակա հայացքով և ինչ-ինչ գլոբալ հարցերի շուրջ մտածմունքների մեջ: Ռուսները լավ արտահայտություն ունեն` не от мира сего: Իսկ առավոտյան  փողոցում համարյա մարդ չկար, և այդ լռությունն ու հանգիստը վայելելով` հավեսով գնում-գալիս էի: Մի խոսքով, իմ անջատվածությամբ հանդերձ միայն մի քանի օր անց ինքս իմ մեջ արձանագրեցի, որ հեծանիվով այդ տղան զարմանալիորեն հաճախ է աչքովս ընկնում:

Երևի իմ տարիքին էր,  10-11 տարեկան: Սևանցի չէր հաստատ: Թուխ էր, արտասովոր մեծ կլոր աչքեր ուներ ու երկար թարթիչներ: Սև, կարճ կտրած մազեր: Մի քիչ կորացած էր քայլում` ըստ երևույթին շատ էր կարդում կամ նստում գրասեղանի մոտ: Քայլում էր հետևիցս ` հեծանիվը բռնած: Որ շրջվեցի, կանգնեց: Մի երկու րոպե լուռ նայում էինք իրար, հետո կամացուկ, համարյա շշնջալով ասեց.
-Մտածեցի, որ պետք չի, որ աղջիկը մենակ գնա այս ճանապարհով, վտանագավոր է…
Քիչ էր մնում ծիծաղեի` Սևանում ու վտանագավո՞ր: Բոլոր բակերում բարեկամ ու ծանոթ ունենք, կաթն էլ շատ հարազատ ու մոտ մարդկանցից ենք վերցնում, ի՞նչ վտանգ:
-Վտանգավոր չի, - նույնչափ կամաց ասեցի, - այստեղ բոլորն իրար ճանաչում են:
-Բայց հնարավո՞ր է չէ, որ մի անծանոթ մեկը լինի…
Քիչ էր մնում ասեի` քեզ պե՞ս, բայց չասեցի: Աչքերի մեջ ինձ համար անհասկանալի թախիծ կար: Ուշադիր նայեց աչքերիս ու հուսադրված.
-Ես քեզ ուղեկցեմ, լա՞վ:

Համարյա մի շաբաթ կամ մի քիչ ավել նա ինձ սպասում էր այդ փողոցի ծայրում, իջնում էր հեծանիվից ու քայլելով ուղեկցում մինչև սեփական տները: Հետո նույն ճանապարհով ուղեկցում էր մինչև փողոցի ծայրը: Մեր բակ չէր մտնում, միգուցե մեր տղաներից էր զգուշանում, իսկ մեր տղաներին հաց ու ջուր չտայիր, թողնեիր անծանոթ տղա ծեծեին, այն էլ երևանցի: Շատ մոտավոր եմ հիշում, թե ինչ թեմաներից էինք խոսում:  Երկուսս էլ անհանգստացած էինք Հերբերթի առողջությամբ` նա էլ էր "Խորհդավոր կղզին" կարդում: Աստղերից էինք խոսում, քանի որ ես կլանված կարդում էի Մանկական հանրագիտարանի աստղագիտությանը նվիրված հատորը: Կարծեմ, չէր կարողանում լողալ, թե իրեն չէր կարելի: Խիստ քաղաքավարի և հարգալից տոնով էր խոսում` դանդաղ ու մեղմ: Ու իր տարիքին անհամապատասխան` մելամաղձոտ, նույնիսկ վշտալի հայացք ուներ:

Երկուսս էլ "գրքային" երեխաներ էինք, երկուսս էլ  աղմուկ-աղաղակից, ժխորից հեռու: Միգուցե զարմացել էինք` հայտնաբերելով տարեկիցի, որին հուզում են նույն հարցերը, ինչ-որ քեզ, որը աշխարհին նայում է համարյա նույն աչքերով և տեսնում է այն, ինչը վրիպում է մարդկանց մեծամասնության ուշադրությունից: Միգուցե: Դժվար է այսքան տարիներ անց տեսնել այդ օրերի բոլոր գույներն ու երանգները: Ես տպավորությունններս եմ հիշում. ինձ մոտ այն զգացողությունն էր, որ իմ առջև անծանոթ ու փխրուն մի էակ է, որի հետ պետք է շատ նուրբ վարվել, որ հանկարծ չկոտրես կամ չվնասես: Փխրուն, բայց միաժամանակ ջերմ ու լուսավոր:

Վերջին օրն ինձ հրաժեշտ տվեց ու մի քիչ ավելի երկար կանգնեց փողոցի անկյունում` հեծանիվին հենված: Մեր փողոց հասա ու շրջվեցի` դեռ կանգնած էր: Մյուս առավոտյան փողոցը զարմանալիորեն դատարկ թվաց, ճանապարհն էլ` անհրապույր ու երկար:

Ցավոք, նույնիսկ նրա անունը չեմ հիշում: Բայց այդ փողոցով քայլելիս` միշտ ակամայից ժպտում եմ` պատկերացնելով այդ տեսարանը. հեծանիվով տխուր ասպետն ու խուճուճիկ աղջնակը` не от мира сего:


Viewing all articles
Browse latest Browse all 930

Trending Articles