Quantcast
Channel: Mariam
Viewing all articles
Browse latest Browse all 930

Article 2

$
0
0
Ֆեյսբուքի "Մայրենի լեզվի դասեր" խմբումայսօր տեղ է գտել Հրաչ Մարտիրոսյանի գրառումը: Գրառումը ստորև:

Հրաչ Մարտիրոսյան

ԱՐԱՐԱՏ ԵՎ ԱՅՐԱՐԱՏ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


"Այս իմպրովիզացիոն ակնարկիս նպատակը չէ առաջադրել իմ տեսակետները, այլ ընդամենը ներկայացնել ու դասակարգել բանասիրական հիմնական տվյալները և դրանց շուրջ եղած մեկնությունները, ինչպես նաև տալ որոշ գրականություն: Եվ քանի որ սա հատուկ ուսումնասիրություն չէ, ապա կարծում եմ մարդիկ ըմբռնումով կմոտենան, եթե իմ տեսադաշտից դուրս մնացած լինեն կարևոր հանգամանքներ կամ տեսակետներ:


Այս երկու տարբերակներից Այրարատ-ն է միայն հարազատ հայկական ավանդույթին: Դա Մեծ Հայքի հայտնի նահանգն է: Իսկ Արարատ-ը հանդես է գալիս Աստվածաշնչի թարգմանության մեջ` ընդհանուր կոնտեքստում, որպես Հայաստանին համարժեք մի բան: Սրա ազդեցությամբ երբեմն գտնում ենք նաև -յ-ով տարբերակը` այս լայն իմաստով`Այրարատեան թագաւորութիւն (Երեմիա ծա.27) կամ Այրարատեան տէրութիւն (Փաւստոս Բուզանդ 3.ժ): Վկայությունները կներկայացնեմ քիչ անց:

Արարատ-ը հին աղբյուրներում կոնկրետ լեռնանուն չի եղել: Մեր Մասիսի իսկական անունը եղել է, կարծում եմ, միայն Մասիս. իսկ Արարատ անունը եկել է Գիրք ծննդոց ը.4-ից (Զեյթունյան 1985. 178-179)` ի լերինս Արարատայ (ձեռագրային տարբերակներ` Սարարադայ, Արարադայ, Այրարատայ ևն) ընդհանուր անվանումից, որ գալիս է հունարեն տեքստից` ἐπὶ τὰ ὄρη τὰ Ἀραράτ (Brenton 1851. 9; Rahlfs 1935, 1: 11): Սա պետք է հասկանանք որպես Արարատյան երկրի լեռներ` ընդհանուր, չմասնավորեցված անվանում: Ընդ որում չգիտենք էլ` Մասիսն է նկատի առնվու՞մ, թե՞ Կորդվաց Արարադը` Ջուդի-դաղը (այդ մասին տես ստորև):

Դ Թագաւորութեանց ժթ.37-ում (տես Զօհրապեան 1805, 2. 237) ասվում է, որ Ասորեստանի արքա Սենեքերմի որդիները` Ադրամելէք և Սարասար, սպանեցին իրենց հորը և փախան «յերկիրն Արարադայ»: Հունարեն բնագիրն ունի`εἰς γῆν Αραρατ [variants: Ἀραράθ, αραδαδ] (Brenton 1851. 520; Rahlfs 1935, 1: 739): Եվ հետաքրքիր է, որ այս պատմական նույն դրվագի մասին պատմվում է նաև Եսայի լէ.38-ում, ու այստեղ հունարեն տեքստը εἰς γῆν Αραρατ-ի փոխարեն ունի εἰς Ἀρμενίαν (Brenton 1851. 872; Rahlfs 1935, 2: 616-617), որն էլ գրաբար տեքստում թարգմանվել է, բնականաբար, ի Հայս (Զօհրապեան 1805, 3. 384): Այսինքն, ԱՐԱՐԱՏ և ԱՐՄԵՆԻԱ/ՀԱՅՔ դիտվում են որպես միմյանց համարժեք:

Ի դեպ` տեսանք, որ հուն. վերի տեքստում Αραρατ/Ἀραράθ տարբերակների կողքին կա և αραδαδ [*aradad] տարբերակ: Այս կապակցությամբ գայթակղիչ է հիշատակել Կարագեոզեան, Սեպագիր տեղանուններ, 1998. 16-17-ում առաջարկված *Ara-dāta ‘Արայի տված’ ստուգաբանությունը: Կարագյոզյանն ինքը չի նշում հուն. Ἀραδαδ տարընթերցումը, որը որոշ չափով կուժեղացներ իր մեկնությունը: Այստեղ, իհարկե, ես չեմ քննի ու արժևորի ոչ այս, ոչ էլ մյուս ստուգաբանությունները, որոնք բոլորն էլ թեական են:

Երեմիա ծա.27 (Զօհրապեան 1805, 3. 628). Պատուէր տուք յինէն Այրարատեան (var. Արարատեան) թագաւորութեանցն և Ազքանազեան (var. Ասքանազեան) գնդին: Այստեղ Այրարատեան թագաւորութեանցն-ի համար որոշ ձեռագրերում լուսանցքում գրված է` Հայք:

Գիրք ծննդոց-ի վերոհիշյալ հատվածի առնչությամբ հետաքրքիր է, օրինակ, Փաւստոս Բուզանդ 3.ժ գլուխը (1883=1984. 19-23), որտեղ Մծբնա Հակոբը Նոյի տապանը տեսնելու համար իր քաղաքից` Մծբինից, գալիս է «ի լերինս Հայոց, ի լեառնն Սարարադայ ի սահմանս Այրարատեան տէրութեան ի գաւառն Կորդուաց»: Ինչպես տեսնում ենք, այստեղ Այրարատյան տերությունը տարբեր է Մեծ Հայքի Այրարատ նահանգից և պետք է ընդհանուր Հայաստանին վերաբերի, քանի որ խոսվում է դրա մի գավառի` Կորդուքի մասին, որը հեռու է Այրարատից: Իսկ տապանի լեռան անունը` լեառնն Սարարադայ, հավանաբար ծագել է ի լերինՍ ԱՐԱՐԱՏԱՅ-ի սխալ վերլուծությունից (հմմտ. Գիրք ծննդոց-ի վերոհիշյալ հատվածի ձեռագրային տարբերակները): Ու տապանի լեռը այստեղ Կորդվաց լեռն է. սա հիմնականում այսպես է նաև այլ հայ և օտար (օրինակ` Եվսեբիոս Կեսարացի) հեղինակների մոտ:

Առհասարակ` ավելի հավանական է, որ երկու լեռան [Մասիս և Կորդվաց լեռ` Ջուդի-դաղ] վերաբերյալ էլ եղել են ջրհեղեղյան ավանդույթներ. վաղ քրիստոնեական հայ և օտար գրականության մեջ ավանդված տարբերակը Կորդվաց լեռներին է առնչվում: Տես հատկապես իմ ընկեր Արմեն Պետրոսյանի մի հատուկ հոդված` Արարատ/Մասիսի ու տապանի խնդրի մասին, կարծեմ ՊԲՀ-ում, բայց այս պահին ստույգ չեմ կարողանում հիշել` որ համարում: Կարող եմ պարզել, եթե իսկապես հետաքրքրվում եք:

Ա(յ)րարատ տեղանունը հավանաբար որևէ կերպ կապված է /*ՈՒՐԱՐԱՏ/- /ՈՒՐԱՐՏՈՒ/-ի անվան հետ, թեև վեճեր կան: Սակայն խորքային ստուգաբանությունը մնում է մութ: Բազմաթիվ փորձեր են արվել, բայց դրանցից ոչ մեկը համոզիչ չի թվում:

Այս տեղանվան բանասիրական նյութի, ստուգաբանական քննությունների և հարակից հարցերի շուրջ տես նախ Հիւբշման, Հին հայոց տեղւոյ անունները, 1907. 1-3, 118-119, 300; Հյուբշման, Հայագիտական ուսումնասիրություններ, 1990. 99-105; ՀայՏեղԲառ 1, 1986. 239-240; Ջահուկյան ՀԼՊ 1987. 427; Ուրարտու-Հայաստան 1988 ժողովածուի մեջ և այլ ստանդարտ երկերում:

Նոր ստուգաբանություններից հիշատակեմ մի քանիսը: Իշխանյանը Հայերենագիտական միջազգային 2-րդ գիտաժողովում (1987, թեզիսներ` էջ 71-72) ստուգաբանում է որպես այր ‘տղամարդ’ բառի կրկնավորությամբ և -ատ ածանցով կազմված (ինչպես` խոր-խոր-ատ): Արմեն Պետրոսյանը (Հայոց ազգածագման հարցեր, ՊԲՀ 2003, 2. 219-221) մեկնաբանում է որպես «այրված (մոխրացած, սևացած) երկիր» (կազմության համար հմմտ. հեղ-եղ-ատ): Առաջին բաղադրիչը նույն` այրեմ-ին է կցվում և Կարագեոզեան, Սեպագիր տեղանուններ, 1998. 17-18-ում, թեև երկրորդ բաղադրիչն ու իմաստաբանական մեկնությունն այլ են: Իսկ Արարատ տարբերակը Կարագյոզյանը, ինչպես վերը տեսանք, բխեցնում է *Ara-dāta-ից:

Վերջապես, այս տեղանունների բանասիրական ու ստուգաբանական տարբեր հարցերի մասին, բացի արդեն նշածս գրականությունից, կարելի է նայել հետևյալ հոդվածները (հիշեցնեմ, որ ՊԲՀանդեսը առցանց կա).

Պետրոսյան, Սարգիս (2010) Արարատյան լեռների հին անունների և անվանադիրների մասին. Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 220-227.

Սարգսյան, Դիմիտրի (2001) Բիբլիական «Արարատի լեռները » ըստ սեպագիր արձանագրությունների. Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 268-276.

Սարգսյան, Դիմիտրի (2003) Բիբլիական «Արարատ երկիրը» ըստ սեպագիր արձանագրությունների և ժողովրդական ավանդությունների. Պատմա-բանասիրական հանդես, № 3 . pp. 247-256.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Այս իմպրովիզացիոն ակնարկիս նպատակը չէ առաջադրել իմ տեսակետները, այլ ընդամենը ներկայացնել ու դասակարգել բանասիրական հիմնական տվյալները և դրանց շուրջ եղած մեկնությունները, ինչպես նաև տալ գրականություն: Այրարատ և Արարատ տեղանունների ծագման վերաբերյալ քիչ բան գիտենք: Լիակատար համաձայնություն չկա նույնիսկ դրանց նույնականության խնդրի, ինչպես նաև Ուրարտու անվան հետ առնչության վերաբերյալ:
Հայկական բնիկ ավանդույթին հարազատ է Այրարատ տարբերակը, որը վերաբերել է Մեծ Հայքի հայտնի նահանգին: Դրա կողքին օտար աղբյուրներում հանդիպում ենք *Արարատ տարբերակը, որն ավելի լայն ընդգրկում ունի, պրակտիկորեն համարժեք է Հայքին: Աստվածաշնչի Ἀραράτ-ը (A-ի լեռներ, A-ի երկիր ևն) գրաբարում թարգմանվել է Արարատ/դ (Գիրք ծննդոց ը.4-ում` ի լերինս Արարատայ, Դ Թագաւորութեանց ժթ.37-ում` յերկիրն Արարադայ): Այլուր (Աստվածաշունչ, Փավստոս) այս կոնտեքստում գտնում ենք Այրարատեան-ը: Սա վկայում է, որ այս երկու տեղանունները, եթե ծագումով նույնական էլ չեն, ապա որոշ փուլում սկսել են բաղարկվել միմյանց հետ:
Ուշագրավ է, որ Ադրամելեքի ու Սարասարի` Հայաստան փախչելու միևնույն դրվագի առնչությամբ Աստվածաշնչում մի տեղ գտնում ենք Αραρατ / Արարադ (Դ Թագաւորութեանց ժթ.37), իսկ այլ տեղ` Ἀρμενία / Հայք (Եսայի լէ.38): Սա նշանակում է, որ Արարատ-ը այս կոնտեքստում համարժեք է Հայքին:
Ինչ վերաբերում է այս տեղանվան / տեղանունների բուն ծագմանը, ապա առաջադրվել են բազմաթիվ ստուգաբանություններ, որոնք բոլորն էլ վարկածային են":


Viewing all articles
Browse latest Browse all 930

Trending Articles