Quantcast
Channel: Mariam
Viewing all articles
Browse latest Browse all 930

Ստորին օղակների լակոտների կյանքից:

$
0
0
Վաճառողուհին ծնունդով Գավառից է, անփոփոխ առոգանությամբ: Հիսունին մոտ, հաղթանդամ բարետես կին է: Մատակարարը` 20 քանի տարեկան լակոտ: Ապրանքը դրել է վաճառասեղանին, ու մինչ կինը տեղավրում է,  կապկում է Գավառի բարբառը.
-Իմա՞լ ես, է, մե խատ արաղ լից:
Ու հռհռում է:

Վաճառողուհին լուռ է: Տեղավորում է ապրանքը, բացում տետրը, մատը սահեցնում է սյունակների վրայով ու հաշվում:
-Ասում ես, իմա՞լ ես, - չի հանգստանում մատակարարը: Կրկին հռհռալով:

Խանութի տերը, մի քիչ ավելի տարիքով լակոտ, կանգնել է բերանը բաց ու ապուշ ժպիտը դեմքին: Դրանից մի երկու րոպե առաջ մտավ խանութ ու հրամայեց դուռը բաց պահել, որ գնորդներ շատ գան: Ցրտի վրա թքած, կարևորն “էստի համեցեք”-ն է:

Վաճառողուհին աչքերը չի բարձրացնում, բայց զայրութից կարմրել է: Ու ձայն չի հանում. խանութի տերն այսօր տրամադրություն չունի, կազինոյում երեկ մի լավ գումար է մսխել, ամբողջ գիշեր տանը վեճ ու պատերազմ էր` հարևանների ականջների տեղը-տեղին ներգրավվածությամբ:

Դռան մոտ հասած հաճախորդուհին շուռ է գալիս:
-Սխալ ես խոսում, - նայում է լակոտի դեմքին:
-Ընչի՞ որ, - ու թափ է տալիս իրեն մի տեսակ. ռաբիզների մի տեսակ կա, իրենց թափ տալով են խոսում:
-Գավառի բարբառով սխալ ես խոսում, անգրագետ ու սխալ:

Վաճառողուհին բարձրացնում է աչքերն ու նայում հաճախորդուհուն: Խանութպանը` զգաստանում:
-Ա դե, սովորում ենք, էլի՛, - շարունակում է մատակարարը:
-Սովորելը քո՛ գործն է, երբ կսովորես, կգաս ու կխոսես, իսկ հիմա սո՛ւս մնա:
Խիստ բարկացած տեսք ունի, ու խանութի տիրոջ դեմքի արտահայտությունն էլ է փոխվում. մշտական հաճախորդն է երևի, հետը խնդիր չի ցանկանում ունենալ: Րոպեական փոփոխությունը որսալով` լակոտը լռում է ու դուրս գալիս:

Հետևից դուրս է գալիս հաճախորդուհին ու դուրս գալուց ոտքով մի կողմ է տանում, որ դուռը փակվի:
Խանութպանը կանգնում է մի երկու րոպե, քորում գլուխը, քթի տակ քրթմնջալով գնում իր "կաբինետ":

Ծանոթներիցս մեկն աշխատում է մի հիմնարկում, որի տնօրենը սփյուռքահայ է: Կիրթ, դաստիարակված, աշխատակիցների նկատմամբ հարգալից ու լուրջ վերաբերմունքով: Մեկ այլ տեղ աշխատանք առաջարկեցին` շատ ավելի մեծ աշխատավարձով: Չգնաց: Հարցնում եմ. “Ինչո՞ւ, կես տարվա աշխատավարձդ մի ամսում էիր ստանալու”: Լռեց, հետո. “Տնօրենը լակոտի մեկն է, ո՞նց եմ դրա հետ աշխատելու”:


Viewing all articles
Browse latest Browse all 930

Trending Articles